Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Հայաստանում ութ ծերանոց բարձր արդյունավետության ախտահանիչ սարքավորումներ են ստացել։ Kärcher ապրանքանիշի գերմանական ախտահանման սարքավորումներ են տրամադրվել Երեւանի, Աբովյանի, Վանաձորի, Գյումրիի, Ախուրյանի եւ Տաշիրի ծերանոցներին: Ակցիայի նպատակը ռիսկային խմբում գտնվող ավագ սերնդի ներկայացուցիչներին պաշտպանելն է:
Kärcher ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացչությունից հայտնում են, որ բարեգործական նախաձեռնությունը Ցե-Կվադրատ Ամպեգա Արմենիա ակտիվների կառավարիչ ընկերությանն է, որը Հայաստանում կառավարում է հիմնականում կենսաթոշակային ակտիվներ։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակը, որում առավել խոցելի դիրքում են գտնվում տարեցները, ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում աջակցություն է ցուցաբերել ՀՀ 8 ծերատների և ծերերի ցերեկային սպասարկման կենտրոնների։ Նախաձեռնությունը իրականացվել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի անդամներ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի և Անդրեաս Վիմմերի բարձր հովանու ներքո և «Կարիտաս-Հայաստան» կազմակերպության տեխնիկական աջակցությամբ։ Միջոցառման համաֆինանսավորող է հանդիսացել Noah գերմանական բարեգործական կազմակերպությունը՝ ի դեմս գործադիր խորհրդի անդամներ Յոհաննես Կերխերի և Գեւորգ Հայրապետյանի։
Ծերանոցներին գոլորշագեներատորներ են տրամադրվել, որոնք թույլ են տալիս ոչ միայն արդյունավետորեն մաքրել մակերեսները տարբեր տեսակի աղտոտումներից, այլեւ մակերեսների ախտահանում իրականացնել: Կարեւոր է այն, որ գոլորշիով ախտահանող սարքը հատուկ լվացող ու ախտահանող նյութեր չի պահանջում, որոնք շատ հաճախ ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում։ Հիմնական զենքը բարձր ճնշման տակ տրվող գոլորշին է, որը ոչնչացնում է բակտերիաների եւ վիրուսների մինչեւ 99.9 տոկոսը։
Վերոնշյալ ակցիան Kärcher-ի միակ նախաձեռնությունը չէ: Ընկերությունն սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին փուլից: Այսպես, համապատասխան ախտահանող սարքավորում տրամադրվել է նաեւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին: Kärcher-ի սոցիալական աջակցության ծրագրերից են եղել բազմազավակ ընտանիքներին, եկեղեցական կառույցներին օգնության տրամադրումը և այլն: Հաջորդ ծրագրերից մեկը կարող է լինել մայրաքաղաքում հուշարձանների մաքրման ծրագիրը: Ծրագիրը կիրականացվի ընկերության սարքավորումների եւ ռեսուրսների կիրառմամբ: Բարեգործ Յոհաննես Կերխերը հայ ժողովրդի վաղեմի բարեկամն է, նման բարեգործական ակցիաներ են անցկացվում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհի շատ այլ երկրներում: Մարդկային ջանքերի եւ ժամանակակից տեխնոլոգիաների միավորումը պանդեմիան հաջողությամբ հաղթահարելու գլխավոր բանալին է՝ վստահ են Kärcher Armenia ընկերությունում: